
Բարեկամներ «այսուհետև և ընդմիշտ»․ Ղրղզստանն ու Տաջիկստանը պետական սահմանի մասին համաձայնագիր են ստորագրել
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել են Ղրղզստան–Տաջիկստան պետական սահմանի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին։ Ժապարովի խոսքով՝ սա պատմական փաստաթուղթ է, որը երկու երկրների միջև սահմանն ամրապնդում է ՝ որպես բարեկամության և բարիդրացիության խորհրդանիշ «այսուհետև և ընդմիշտ»։
«Մենք հաստատեցինք մեր վճռականությունը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ մեր երկրների միջև բարեկամության և բարիդրացիության համակողմանի ամրապնդման համար»,- ընդգծել է Ժապարովը։
Նախագահը հավելել է, որ երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը նոր մակարդակի կհասնի. «Անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն տնտեսական կապերի որակյալ զարգացման համար, ինչը հնարավորություն կտա հասնել զգալի բեկման»։ Այցի ընթացքում ստորագրվել է ճանապարհների կառուցման և օգտագործման, ինչպես նաև ջրային տնտեսության և էներգետիկ օբյեկտների հասանելիության մասին համաձայնագիր։
Ղրղզստանի նախագահն ընդգծել է Տաջիկստանում ղրղզների, իսկ Ղրղզստանում տաջիկների էթնիկական և լեզվական ինքնության պահպանման կարևորությունը։ Նա նշել է, որ աջակցություն կտրամադրվի մշակութային ազգային կենտրոններին և հասարակական միավորումներին, ինչը թույլ կտա պահպանել մայրենի լեզուն, մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները։