
Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, ՀԿ-ներին և քաղաքացիներին դադարեցնել ներքին հակամարտությունները՝ ապահովելու համար մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը․ ՀԱԿ
Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները ստեղծում են պայթյունավտանգ իրավիճակ տարածաշրջանում, ինչն անմիջական ազդեցություն ունի Հայաստանի անվտանգության և կայունության վրա․ ասվում է ՀԱԿ տարածած հաղորդագրության մեջ։
«Աշխարհաքաղաքական վտանգավոր զարգացումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կանգնած է բարդ մարտահրավերների առջև, որոնք դիմագրավելու համար պահանջվում են համազգային համախմբվածություն և սթափ իրատեսական մոտեցում:
Իրանի հետ մեր երկրի հարևանությունը և պատմականորեն ձևավորված բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական շահերը, պարտադրում են մեզ խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է ներքաշել Հայաստանը տարածաշրջանային հակամարտության մեջ:
Ելնելով վերը շարադրվածից` կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին.
– ակտիվացնել դիվանագիտական ջանքերը միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար, հավաստիացնել միջազգային հանրությանը, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվի ռազմական նպատակներով
– միանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու դիմումին՝ հակամարտության էսկալացիան կանխելու համար:
– ուժեղացնել սահմանային անվտանգությունը և պատրաստվել հնարավոր հումանիտար մարտահրավերներին, ներառյալ Իրանից փախստականների հնարավոր հոսքին:
– անհապաղ դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալած ապօրինի հարձակումները: Նման քայլերը ոչ միայն խաթարում են հասարակության միասնությունը, այլև վտանգի տակ են դնում մեր ազգային արժեքները:
Այս ճգնաժամային պահին նաև կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և քաղաքացիներին դադարեցնել ներքին հակամարտությունները, միառժամանակ զերծ մնալ հրապարակային բողոքի ակցիաներից՝ երթերից, ցույցերից ու հանրահավաքներից և համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ ապահովելու մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը:
Ներքին պառակտումը և հակադրությունը թուլացնում են մեր պետականությունը և խանգարում արդյունավետ արձագանքել արտաքին սպառնալիքներին»,- նշված է հայտարարությունում։