ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկում անցկացրեց, որին մասնակցում էր երկրի արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկման ժամանակ ներկայացվել են Հայաստանի հետ կապված երկու բանաձև: Ըստ ընթացակարգի՝ առաջին բանաձևը ներկայացվեց դրա համահեղինակ Իսա Կահրամանի (NSC) կողմից, որի համահեղինակներն էին նաև Դոն Սեդերը (ChristenUnie): Կահրամանը նշեց, որ աջակցում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, սակայն առաջարկում են միջոցներ մշակել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:
Բանաձևում, մասնավորապես, ասվում է.
«Հաշվի առնելով, որ 2023 թ. սեպտեմբերին ադրբեջանական բանակը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, ինչի հետևանքով գրեթե ողջ բնակչությունը փախել է Հայաստան և դեռևս չի վերադարձել իրենց տները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, կոչ ենք անում կառավարությանը գործել ԵՄ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. Հաագայի կոնվենցիայի շրջանակներում՝ պաշտպանելու այդ ժառանգությունը»:
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարն առարկություններ չներկայացրեց բանաձևի նկատմամբ՝ հաստատելով, որ տարածաշրջանում ռազմական գործողությունները լուրջ հետևանքներ են թողել և որ կառավարությունը պաշտպանում է հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:
Այս բանաձևը հաստատվեց խորհրդարանի ձայների մեծամասնությամբ:
Երկրորդ բանաձևը ներկայացվեց Դոն Սեդերի կողմից, որին աջակցում էին պատգամավորներ Բոսվայկը (CDA), Ստոֆֆերը (SGP), Պիրին (GroenLinks-Pvda), Վան դեր Բերգը (VVD), Պատերնոտենը (D66), Դե Ռոնը (PVV) և Կահրամանը (NSC):
Այս բանաձևում նշվում էր, որ առաջին անգամ վերջին երեք տասնամյակների ընթացքում խաղաղության եզակի հնարավորություն է ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուստի կարևոր է ակտիվորեն ներգրավվել գործընթացում: Անդրադառնում էին նաև խոչընդոտներին, մասնավորապես այն փաստին, որ Ադրբեջանը դեռ պահում է հայ ռազմագերիներին: Բանաձևը կոչ էր անում կառավարությանը, եվրոպական մյուս երկրների հետ միասին, ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բոլոր հայ ռազմագերիների արագ ազատ արձակման նպատակով:
ԱԳ նախարարը բանաձևի նկատմամբ նույնպես առարկություններ չներկայացրեց՝ ընդգծելով, որ կառավարությունը կարևորում է խաղաղության հաստատումը և երկու կողմերի միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքումը: Նա նաև նշեց, որ կանդրադառնա ռազմագերիների ազատ արձակման հարցին, ընդգծելով, որ դա պարտավորություն է՝ միջազգային մարդասիրական իրավունքի հիման վրա:
Երկրորդ բանաձևը նույնպես ընդունվեց ձայների մեծամասնությամբ։