26 Փտր
2025
-0.9° c ԵՐԵՎԱՆ
-6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը վերջին տարիներին Դաշնակցության դեմ ավելի մեծ պայքար է իրականացրել, քան  ԽՍՀՄ-ը՝ 70 տարում․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը վերջին տարիներին Դաշնակցության դեմ ավելի մեծ պայքար է իրականացրել, քան  ԽՍՀՄ-ը՝ 70 տարում․ Իշխան Սաղաթելյան

Իշխանափոխության հարցն առաջնային հարց է, որովհետև այս ապազգային կառավարության հետ Հայաստանի համար որևէ հարց դրական հանգուցալուծում չի ունենա. ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Տպավորությունը, որ փորձում են ստեղծել, թե «Հայաստան» դաշինքը սպասում է 2026 թվականի ընտրություններին, անհիմն է։ Մենք մեր գործունեությամբ բազմաթիվ անգամ ցույց տվել ենք, որ եթե սպասեինք ընտրությունների, շատերի նման կպատրաստվեինք ընտրության։ Մենք միշտ ունենք ծրագիր, ունենք նախապատրաստական աշխատանք, երբ վերջնական տեսքի բերենք, այդ ժամանակ էլ հանրային կերպով կխոսենք»,–ասել է նա։

Պատգամավորի կարծիքով՝ պայմանագիրը, որի շուրջ բանակցություններ են տարվում, ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ համապարփակ կապիտուլիացիայի և Հայաստանի նվաստացման փաստաթուղթ:

«Հայաստանը բավարարել է Ադրբեջանի պահանջները, որից հետո Ադրբեջանը ներկայացրել է նոր պահանջներ։ Սկսած ԵԱՏՄ Մինսկի խմբի լուծարումից, վերջացրած սահմանադրության փոփոխությունից և մնացած կետերից, դրանք բոլորը Ադրբեջանի պահանջներն են, որ Հայաստանի այս խամաճիկ կառավարությունը հերթականությամբ, ժամ առ ժամ դրանք իրականացնի։ Հետևաբար դա չի կարող լինել խաղաղության պայմանագիր»,-ասել է Սաղաթելյանը։

Անդրադարձ եղավ նաև վարչապետի՝ արդեն իսկ սկսցած քարոզարշավին: Հարցին՝  հնարավո՞ր է ստվերել ՀՅԴ-ի համբավը, պատգամավորը պատասխանեց, որ իրենց կարծիքով հակադրության բուն պատճառը շատ ավելի խորքային է:

«Մեր պատկերացրած Հայաստանը և Փաշինյանի պատկերացրած պետությունը լրիվ տարբեր են։ Ինքը խորքային ատելություն ունի ազգայինի նկատմամբ, ազգային գաղափարախոսության նկատմամբ։ Եվ այդ նույն ատելությունը ունեն Թուրքիան և Ադրբեջանը։ Ինքն իր գործունեությամբ, իր շրջապատով, իր քարոզչամեքենայով, վերջին տարիներին Դաշնակցության դեմ ավելի մեծ պայքար է իրականացրել, քան, ասենք, Խորհրդային Միության բոլշևիկյան կառավարությունը՝ 70 տարիների ընթացքում։ Այս պայքարում պարտվելու է ինքը, որովհետև ինքը հակապետական է, հակահայկական է և հայ ժողովրդի շահերի դեմ է աշխատում։ Իսկ դաշնակցությունը 135 տարվա իր կենսագրությամբ ապացուցել է, որ սրանք անցողիկ են, մնայունը Հայաստանն է, հայ ժողովուրդը ու հայկական շահերը, որի հետապնդման ուղղությամբ մենք անզիջում ենք»,-ասել է պատգամավորը։