08 Հնս
2025
27.2° c ԵՐԵՎԱՆ
14.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը հանձնարարել է կանգնեցնել Գրետա Թունբերգի մասնակցությամբ Գազա ուղևորվող մարդասիրական նավը

Իսրայելը հանձնարարել է կանգնեցնել Գրետա Թունբերգի մասնակցությամբ Գազա ուղևորվող մարդասիրական նավը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կիրակի հրահանգել է զինված ուժերին կանխել Միջերկրական ծովով Գազայի ուղղությամբ շարժվող «Մադլին» մարդասիրական նավի մուտքը Գազայի հատված։ Նավում գտնվում են մի շարք ակտիվիստներ, այդ թվում՝ շվեդ բնապահպան Գրետա Թունբերգը, ովքեր հայտարարում են, որ ցանկանում են խախտել իսրայելական ծովային շրջափակումը և մարդասիրական օգնություն հասցնել Գազա։

Բրիտանական դրոշի ներքո գործող նավը շարժվում է «Freedom Flotilla Coalition»-ի նախաձեռնությամբ։ Այն հունիսի 6-ին դուրս է եկել Սիցիլիայից և այժմ գտնվում է Եգիպտոսի ափերի մոտ՝ դանդաղ շարժվելով դեպի շրջափակման մեջ գտնվող Գազայի գոտի։

«Ես հրահանգել եմ Իսրայելի Պաշտպանական բանակին թույլ չտալ, որ ‘Մադլին’ նավը հասնի Գազա։ Հասցնում եմ ուղերձ Գրետա Թունբերգին և նրա հռետորաբանությամբ Համասին աջակցող ընկերներին. ավելի լավ է հետ դառնաք, դուք Գազա չեք հասնի», — ասված է Կացի հայտարարության մեջ։

Թունբերգը նշել է, որ միացել է նավի անձնակազմին՝ «բողոքելու Իսրայելի անօրինական շրջափակման և Գազայում ահագնացող պատերազմական հանցագործությունների դեմ», նաև ուշադրություն հրավիրելու մարդասիրական օգնության անհապաղ անհրաժեշտության վրա։ Նա մերժել է Իսրայելի նախկին մեղադրանքները հակասեմիտիզմի մեջ։

Իսրայելը Համասի դեմ պատերազմ է սկսել 2023 թվականի հոկտեմբերին՝ ի պատասխան զինյալների հարձակման, որի հետևանքով սպանվել է ավելի քան 1,200 մարդ, ևս 251-ը՝ պատանդ են տարվել Գազա, ըստ իսրայելական տվյալների։

Գազայի առողջապահական մարմինների համաձայն՝ իսրայելական հարձակումների հետևանքով մինչ այժմ զոհվել է ավելի քան 54,000 պաղեստինցի, իսկ տարածքը մեծամասամբ վերածվել է ավերակների։ ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ Գազայի 2.3 միլիոն բնակիչների մեծ մասը սովի եզրին է։

Կացի խոսքով՝ շրջափակումը կենսական նշանակություն ունի Իսրայելի ազգային անվտանգության համար՝ Համասի զինաթափման գործընթացում։

«Իսրայել պետությունը թույլ չի տա խախտել Գազայի ծովային շրջափակումը, որի հիմնական նպատակն է՝ կանխել զենքի փոխանցումը Համասին», — ասել է նա։

FFC-ի տվյալներով՝ «Մադլին» նավը տեղափոխում է խորհրդանշական քանակով օգնություն՝ ներառյալ բրինձ և մանկական կաթնախառնուրդ։ Կոալիցիայի մամուլի պատասխանատու Հայ Շա Վիան հայտնել է, որ նավը գտնվում է Գազայից մոտ 296 կմ) հեռավորության վրա։

Թունբերգի հետ նավում են նաև եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ռիմա Հասանը և ևս 11 անձնակազմի անդամ։

Իսրայելական մամուլի տվյալներով՝ զինված ուժերը ծրագրում են կանգնեցնել նավը մինչև այն հասնի Գազայի ափ և ուղեկցել դեպի Աշդոդի նավահանգիստ։ Նավի անձնակազմը, ենթադրաբար, կհեռացվի երկրից։

Հիշեցնենք, որ 2010 թվականին իսրայելական հատուկջոկատայինները Մավի Մարմարա նավի վրա գործողության ընթացքում սպանել էին 10 մարդ։ Այդ նավը նույնպես մարդասիրական ֆլոտիլիայի մաս էր և շարժվում էր դեպի Գազա։

Ռազմագերիներ