
Թրամփը Fox News-ին ներկայացրել է Պուտինի հետ գագաթնաժողովի 10 հիմնական արդյունքները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած Պուտինի հետ բարձր մակարդակի գագաթնաժողովից հետո Fox News-ի «Hannity» հաղորդմանը տվել է բացառիկ հարցազրույց, որտեղ ներկայացրել է հանդիպման ամենակարևոր կետերը։
Թրամփը նշել է, որ «պայմանավորվածություն չկա այնքան ժամանակ, քանի դեռ պայմանավորվածություն չկա», սակայն ընդգծել է, որ «մեծ առաջընթաց» է գրանցվել։ Նա հավելել է, որ Պուտինը բաց է խաղաղության համար և «ցանկանում է դա իրականացնել»։
Հաղորդավար Շոն Հաննիթին Թրամփին հարցրել է՝ որն է այն «մեծ խնդիրը», որի պատճառով կողմերը համաձայնագիր ձեռք չեն բերել, սակայն նախագահը հրաժարվել է մանրամասներից նշելով․ «Լավ կլինի, որ պարզվի, բայց ես չեմ ուզում բացահայտել, ուզում եմ տեսնել, թե կկարողանանք դա լուծել»։
Թրամփը նաև շեշտել է, որ այժմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պատասխանատվությունն է գործողություններ ձեռնարկել, և հնարավոր է, որ եվրոպական երկրներն էլ պետք է միջամտեն։ Նա ասել է, որ պատրաստ է մասնակցել եռակողմ հանդիպման Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ՝ «եթե նրանք ցանկանում են, ես կլինեմ այդ հանդիպմանը»։
Նա գագաթնաժողովը գնահատել է 10/10․ «Հանդիպումը գերազանց էր, մենք լավ հասկանում ենք միմյանց»։
Թրամփը նաև նշել է, որ Պուտինը մեծ հարգանքով է վերաբերվում ԱՄՆ-ին, «նրա կարծիքով նա չի հարգել մեր երկիրը Բայդենի օրոք»։ Թրամփը հպարտ է, որ Պուտինը համատեղ ասուլիսում նշել է, որ Ռուս- ուկրաինական պատերազմը չէր սկսվի, եթե Թրամփը լիներ ԱՄՆ ղեկավար:
Հանդիպումից հետո Թրամփը Զելենսկիին խորհուրդ է տվել գործարք կնքել:
Նա նաև փոխանցել է, որ Պուտինը իրեն ասել է, որ 2020 թվականի ընտրությունները կեղծված են եղել՝ տարածված փոստային քվեարկության պատճառով․ «Չես կարող ունենալ լավ ժողովրդավարություն փոստային քվեարկությամբ»։