ABCMEDIA
Վաղը կարող է ուղղակի պետություն չունենանք ու դա բոլոր առումներով կլինի «rock bottom»՝ հասնել հատակին․ Ռուբեն Մալայան   

Վաղը կարող է ուղղակի պետություն չունենանք ու դա բոլոր առումներով կլինի «rock bottom»՝ հասնել հատակին․ Ռուբեն Մալայան  

Գեղագիր Ռուբեն Մալայանի հետ այսօրվա ABC ինտերվյուի ընթացքում զրուցել ենք, այն մարտահրավերների մասին, որոնք ծառացած են Հայաստանի առջև և այն լուծումներից, որոնք տեսանելի են այս իրավիճակում։

Ռուբենի կարծիքով` Հայաստանն անցել է բոլոր հնարավոր փորձությունների միջով և հասել պետականության կորստի շեմին։ Իրավիճակի փրկության առաջին քայլը, նրա կարծիքով, պետք է լինի օրվա իշխանությունների հեռացումը։ Իշխանություններ, որոնք քանիցս ապացուցել են իրենց անկարողությունը երկրի ղեկավարման գործում։

-Որքան հիշում եմ, այն չարչրկված արտահայտություն, թե գեղեցկությունը կփրկի աշխարհը, Դոստոևսկու վեպերիվ մեկում է հանդիպում։ Որքանո՞վ  է այդ արտահայտությունը ակտուալ այժմյան խառը աշխարհում։ Այն իսկապե՞ս կարող է մեծ գործեր անել և ի՞նչ նկատի ուներ Դոստոևսկին։

-Եթե մենք խոսում ենք ընդհանուր բանաձևի մասին, թե արդյոք գեղեցկությունը կփրկի աշխարհը, անկասկած կարող է՝ և անում է, և փոխում է։ 20-րդ դարի դիզային շատ խոշոր մասնագետներից մի շատ ազնիվ և անկեղծ մարդ ասում էր․ «Դու արդար և ազնիվ եղիր,  գեղեցկության համար մի անհանգստացիր, այն ինքն իրեն կգա, որպես այդ ամենի բնական հետևանք»։ Գեղեցկությունը բազմաշերտ է, այն միայն վիզուալ ասպեկտ չունի,  նաև բարոյական շերտ ունի, որն անբաժան է մյուս շերտերից։

-Հայաստանում Ձեզ համար այսօր որևէ գեղեցիկ բան մնացե՞լ է։

-Օրինակ Երևանի կենտրոնը, որքան էլ աղավաղված լինի, Թամանյանի նախագծից ինչ-որ բան մնացել է։ Կենտրոնից դուրս, սակայն, ամեն տեղ նույն իրավիճակն է։ Դա չի կարող անհետևանք մնալ, որովհետև միջավայրը մտածելակերպ է ձևավորում։ Հայաստանի պարագայում դժվար է ասել` գեղեցկությունը կփրկի։ Փրկել անկասկած կարող է, բայց մենք այդ գեղեցկությունը չունենք․․․ Մի վտանգ էլ կա, եթե դու գեղեցկությունն անընդհատ չես տեսնում և կլանում, դրա կարիքն էլ աստիճանաբար չի լինում։

-Իսկ այդ միջավայրում ի՞նչ մարդ կարող է ձևավորվել։

-Սարսափ․․․Օրինակ` ֆաշիզմի ժամանակ գիտե՞ք ով է համագործակցել Հիտլերի, Մուսոլինիի, Ֆրանկոյի հետ, ով է եղել բարիկադերի այս կողմում, ով՝ այն։ Իմիջիայլոց ասեմ, որ շատ տաղանդավոր մարդիկ էին նրանց հետ համագործակցում։ Դրանցից մեկը Հյուգո Բոսսն էր, ում ստեղծած համազգեստ դիզայնի գլուխգործոց էր համարվում, բայց միևնույն ժամանակ սվաստիկա էր, ֆաշիզմ էր, չար էր․․․ Դա շատ տաղանդավոր մարդու արած, որակյալ աշխատանք էր։ Արդյոք նա ինքն իրեն չէ՞ր հարցնում, թե այդ ամենն ում համար է անում․․․

Ինձ թվում է՝ հիմա մնացել է մտածող և սկզբունքային մարդկանց շատ բարակ մի շերտ, ովքեր դեռ պատրաստ են բարդ հարցեր տալ, պատասխաններ գտնել։ Ճնշող մեծամասնությունը, սակայն՝ ով ելքեր չի տեսնում, հարցեր էլ չի տալիս։ Այդ ելք չտեսնելը, չպատկերացնելը՝ ո՞րն է այս ճգնաժամից դուրս գալու ճանապարհը, արդեն ստիպում է զգալ, որ իրավիճակի վրա ունես 0 ազդեցություն։ Հենց այդ կետից է սկսվում և վերջանում որևէ բան փոխելու ցանկությունը․․․

-Հիմա այս իրավիճակին անդրադարձող հազար ու մի վերլուծաբան կա, որոնց լսելով ժողովուրդը միևնույն է չի կարողանում տեսնել ճիշտ ճանապարհը։ Ձեզ համար պատասխաններ գտե՞լ եք, տեսանելի ճանապարհներ կա՞ն։

-Շատ բարդ հարց է։ Այնպես չի, որ իմ հոգեվիճակը տարբերվում է մյուսներից՝ ես էլ եմ նույն ճգնաժամն ապրում, բայց, գուցե, ավելի շատ կյանքի փորձ ունենալով, համեմատություններ տանելով և անընդհատ փորձելով հասկանալ պատճառահետևանքային կապը՝ հասկանում եմ, որ այս հարցի վրա չի կարելի առանց հույսի նայել։ Պետք չէ մտածել, որ վերջ՝ ամեն ինչ ավարտվել է, և մենք այլևս անզոր ենք որևէ բան փոխել։ Այդ ֆատալիզմն ուղղակի բերելու է նրան, որ մենք նույն տեղում նստած սպասելու ենք, թե մեզ հետ ինչ են անելու։ Եթե ուղիղ ասենք՝ դա նշանակում է ուղղակի հանձնվել։

Այն պրոցեսները, որ տեղի են ունենում երկրում, շատ ավելի մեծ են ու խորը, և էստեղ նորից հարց է բարձրանում՝ ինչու՞ ժողովուրդը չի գիտակցում՝ իր հետ ինչ է կատարվում և ինչու ոչինչ չի ձեռնարկում։ Եթե 50․000 հոգի դուրս գար փողոց, անմիջապես իրավիճակ կփոխվեր։

-Իսկ հարկավոր չէ՞ խորքային պատճառները հասկանալ՝ ինչու՞ հասանք այս կետին և արդյո՞ք այս կետին մեզ չօգնեցին հասնել երբեմն թշնամու կողմից կիրառվող տեխնոլոգիաները։

-Եթե այդ հարցը տաք տարբեր մարդկանց, տարբեր պատասխաններ կստանաք։ Եթե Երևանում տաքսիստին հարցնեք, նա ձեզ մի նախադասությամբ դրա պատասխանը կտա ու դա էլի ճիշտ կլինի։ Հարցրեք հոգեբանին՝ ինքը ձեզ կբացատրի, թե այդ անցած ճանապարհն ինչպես հասցրեց այսօր տիրող հոգեվիճակին։ Մենք բոլորս գիտենք պատճառները՝ երեկ չենք ծնվել, ապրել ենք այստեղ երկար ժամանակ, գիտենք՝ ոնց եղավ, ինչից եղավ։ Ես կարող եմ իմ կարծիքն ասել․ մենք 30 տարի թույլ տվեցինք, որ կամաց-կամաց կրթական ցենզը իջնի, Երևանը գեղեցիկ, լուսավոր քաղաքից դառնալ էս աբսուրդը, որն այսօր է։ Ոչ մեկը չկարողացավ դա կանգնեցնել, այնինչ 30-35 տարին երկար ժամանակ է։ Դա չէր կարող այլ կերպ լինել՝ 1+1=2 ։ Երբ տեսնում ես պատճառահետևանքային կապը, հասկանում ես, որ սա ամբողջովին տրամաբանական հետևանք է։ Մենք թողեցինք, որ այս ամենը տեղի ունենա։

Անգլերեն այսպիսի արտահայտություն կա՝ «rock bottom»։ «Rock bottom» նշանակում է հասել ես հատակին, արդեն իջնելու տեղ չկա: Դրա լավն այն է, որ դրանից հետո միայն վերելք է։ Կամ դու մնում ես ներքևում՝ «rock bottom»-ի վրա, կամ սկսում ես բարձրանալ, որովհետև ներքևում էլ իջնելու տեղ չկա։

-Տևական ժամանակ է, կարծես, արդեն ներքևում ենք։

-Ինձ թվում է մնացել է մի քայլ՝ պետականության կորուստը՝ մնացած ամեն ինչ մեզ հետ տեղի է ունեցել։ Հիմա մենք այդ վտանգի առջև ենք կանգնած՝ վաղը կարող է ուղղակի պետություն չունենանք ու դա բոլոր առումներով կլինի «rock bottom»․․․

-Այս իշխանությանը, որն ըստ էության ամեն ինչ ձախողել է, պատերազմ է տանուլ տվել, ի՞նչն է առաջնորդում։

-Շատ բարդ հարց է։ Ինձ թվում է ինքնապաշտպանության բնազդը։ Իրենք քաջ գիտակցում են, որ այն պահին, երբ չեն լինի իշխանության, բոլորը քննելու են իրենց պատասխանատվության բաժինն այս ամենի մեջ։ Իրենք վախ ունեն։ Համոզված եմ, որ քնելուց վախենում են արդեն։ Երևի այդ վախն է իրենց դրդում շարունակել այդ կործանարար պրոցեսը, որը հիմա տեղի է ունենում երկրում։

-Իրենց վախը փաստորեն ավելին է, քան պետականության կորստի սպառնալիքը։

-Այդ տեսակ մարդիկ այդպես են մտածում։ Եթե իրենց համար պետությունը կարևոր լիներ, իրենք չէին անի այն ամենն, ինչն արեցին։ Վերջիվերջո, այդ ամենն արվում էր անձնական շահի համար, ոչ թե պետական։ Էլի ամեն ինչ վերադարձավ նույն ռելսերի վրա։  18 թվին մենք ոգևորված էինք, հավատում էինք, որ համակարգ է փոխվելու։ Համակարգը չփոխվեց, մարդիկ փոխվեցին՝ դարձան այդ համակարգի մի մաս, ու հիմա իրենց համար սա նորմալ ու լեգիտիմ իրավիճակ է։ Սկզբունքային մարդիկ իրենք չեն եղել երբեք, միշտ էլ իրենց համար անձնական շահն ավելի կարևոր է եղել։ Իրենք հիմա ունեն այդ հնարավորությունը և օգտվում են, մինչև իրենց ժամանակը չսպառվի։ Զգում են, որ այդ ժամանակը մոտ է, և իրենց այդ վախն է բոլորիս շարունակում տանել անդունդ։

-Ռուբեն, Դուք տարիներ շարունակ Իսրայելում եք ապրել և չգիտեմ՝ որքանո՞վ կկարողանաք այնտեղի իրավիճակին օբյեկտիվ նայել։ Ձեր կարծիքով հակամարտող երկու կողմերն իրենց ճշմարտություննե՞րն ունեն, թե, այնուամենայնիվ, ճշմարտությունը մեկն է։

-Լուրջ փիլիսոփայական հարց է՝ ճշմարտությունը մե՞կն է, թե՞ ոչ։ Ամեն մեկն իր ճշմարտությունն ունի վերջիվերջո։ Արաբներն իրենց պայքարն ունեն, և ես, իհարկե, ոչ մի դեպքում չեմ կարող հավասարեցնել այդ ահաբեկչական, մարդակեր ՀԱՄԱՍ-ը Պաղեստինի մնացած ժողովրդի հետ։ Ուղղակի անարդար է՝ դա նույն մարդիկ չեն։

-Բայց արդյոք այս իրավիճակում Իսրայելի կառավարությունը սխալ չի՞ գործում։

-Իսրայելում էլ նույն իրավիճակն է՝ կառավարությունը չի ներկայացում ժողովրդին։ Այդ մարդիկ էլի նույն կատեգորիայի մարդիկ են՝ նրանք միայն մտածում են նեղ անձնական շահից ելնելով։

-Իրավիճակների նմանություն կա՞։

-Բայց կա նաև հսկա տարբերություն՝ մենթալիտետի, մտածելակերպի, և ազգի ընդհանուր գիտակցության մակարդակի․․․

-Իսկ որո՞նք են այդ տարբերությունները, գոնե այն ցայտունները, որոնք Ձեզ համար տեսանելի են։

-Այդ զուգահեռները մենք միշտ ենք տարել, երբ խոսել ենք Իսրայելի մասին։ Միշտ խոսել ենք, որ մենք շատ նման ենք, բայց և շատ տարբեր։ Նման ենք նրանով, որ քիչ թե շատ իմպուլսիվ, էմոցիոնալ, շատ անգամ էմոցիայից բխելով գործող,  հին ազգեր ենք՝ հին մշակույթ ունեցող։ Տարբերվում ենք նրանով, որ չենք կարողանում համագործակցել այնպես լավ, ինչպես իրենք են կարողանում։ Պատերազմը Իսրայելում հիմա բոլորին հավասարեցրել է։ Այդ պատերազմը կպել է բոլորին՝ անկախ նրանից, թե իրենք ինչ քաղաքական հայացքներ ունեն՝ ձախ, աջ, կենտրոն, լիբերալ, օրթոդոքս՝ ով ուզում է լինի։ Հասկանում են, որ իրենց երեխաներն են հիմա կռվում ու զոհվում երկրի համար։ Այստեղ արդեն կապ չունի՝ դու ում ես հավատում, բոլորը գիտեն՝ ով է այս ամենի պատասխանատուն։ Բոլորը գիտեն, որ այս իրավիճակի առաջին պատասխանատուն իրենց վարչապետն է։ Այս ամենը երկար է եփվել։ Պատերազմից պատերազմ չեն փորձել հարցը վերջնակապես լուծել, հակառակը՝ մանիպուլյացիայի են ենթարկել իրավիճակը, շեղել են, անընդհատ վախացրել են ժողովրդին, որ կա բո-բո թշնամի․ այնտեղ Պարսկաստանն է, այս է, այն է․․․Նույն մեթոդներն են կիրառվում, չեն տարբերվում․․․ Լավ աշխատող տարբերակ է, երբ ունես ներքին ճգնաժամ, պետք է ստեղծել արտաքին թշնամի, որպեսզի շեղես ներքին խնդիրներից։ Պետք է ասել՝ գիտես էն «բոբոն» հիմա այնտեղ է և ուզում է քեզ ուտել, արի մեր հարցերը դնենք մի կողմ․․․ Այդ  «բոբոն» իրենց դեպքում եկավ ու շատ վատ ձևով եկավ։ Եկավ այնպես, ինչպես իրենք իրենց վատ երազում էլ չէին կարող պատկերացնել, ինչպես մենք չէինք կարող ամենավատ երազում պատկերացնել Արցախի կորուստը։

-Իրենց մոտ, հեռվից ամեն դեպքում այդպես է երևում, պետականության զգացումը, կարևորությունը ժողովրդի մեջ ավելի ամրացած է։

-Իհարկե, որովհետև իրենք ծնված օրվանից դա սերմանում են երեխաների մեջ։ Իրենք ասում են՝ մենք ուրիշ Հայրենիք չունենք։ Կարող են Իսրայելի անձնագրով աշխարհում ամեն տեղ գնալ, ապրել որտեղ ուզեն։ Չեն գնում, որովհետև իրենց հողին արմատներով կպած են, որովհետև անընդհատ խոսում են նրա մասին, թե երկիրը, պետականությունը ինչ է։ Մարդիկ ցեղասպանություն են տեսել, ասում են երբեք թույլ չենք տա, որ մեզ հետ նույն բանը տեղի ունենա, միայն այստեղ ենք մենք անվտանգ։ Բայց դա էլ էր ուտոպիա, որը փլուզվեց հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Պարզվեց, որ իրենք անպաշտպան են․․․ Այդ վերլուծությունը, իմիջիայլոց, արդեն հիմա գնում է իրենց մոտ, և դա է հիմա նաև տարբերությունը։ Ես իրենց նորությունները, դիսկուրսը, որ հիմա կա մեդիայում, գիտե՞ք ինչքանով է տարբերվում մեր դիսկուրսից։ Իրենց մոտ վերլուծությունը առաջին օրվանից է սկսվել․ ո՞նց եղավ՝ օքեյ եկեք հասկանանք, ի՞նչը բերեց սրան, ո՞վ է մեղավոր։

-Իսկ հայկական և հրեական սփյուռքի տարբերությունը Ձեզ համար նկատելի՞ է, և որո՞նք են այդ տարբերությունները։

-Իհարկե նկատելի է։ Ամենապարզ, ամենաէլեմենտար մակարդակի վրա, որ մենք Համահայկական հիմնադրամում 150 մլն դոլար փող ենք հավաքում ու ասում, որ «վաու», իսկ իրենք կարան 150 մլրդ հավաքեն և չասեն՝ «վաու», որովհետև դա նորմալ է, այդպես էլ պետք է։

-Դա ֆինանսական միջոցների՞ տարբերություն է։

-Ցանկության․․․Ինձ չի թվում, որ մենք ավելի քիչ կարողություն չունենք ֆինանսական տեսանկյունից։ Հա, գուցե մի քիչ, բայց այդքան մեծ չի տարբերությունը։ Ուղղակի ինձ թվում է իրենց համար, իրենց սփյուռքի համար Իսրայելի գոյությունը շատ ավելի կարևոր է, քան հայկական սփյուռքի համար՝ Հայաստանի գոյությունը։ Ամեն անգամ, երբ տեսնում եմ Սփյուռքից իմ ընկերները ինչ-որ բաներ են գրում մեր իրավիճակի մասին, ուղղակի ասում եմ դուք բարոյական իրավունք չունեք խոսելու այդ մասին։ Եթե դուք ինձ հետ կիսեիք այս իրականությունը, այս խնդիրները, այն հոգեվիճակը, որի մեջ մենք հիմա ենք, արդարացի կլինեին, բայց նստելով Փարիզում, կամ Գլենդեյլում ասել՝ գնացեք էս արեք, գնացեք էն արեք, կներեք, չեմ կարող ընդունել․․․Դուք չպիտի ասեք նման բաներ, որովհետև դուք ֆիզկապես հեռու եք, չեք կիսում այս իրականությունը, այսինքն՝ դուք ձեզ բավականին ապահով եք զգում։ Վտանգը ձեզ չի սպառնում, մեզ վտանգը ֆիզիկապես է սպառնում։ Եթե չեք գալիս, լռեք, ոչ մի օգուտ դրանով չեք բերում դրանով։  Հա մեկ-մեկ հեռվից ավելի լավ է երևում, բայց սա այդ դեպքը չէ, վստահաբար այդ դեպքը չէ։ Ես կարծում եմ, որ Սփյուռքի տեսանկյունից շատ մեծ հիասթափություն կա, և դրա մեղավորը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, որն ամբողջովին տապալել է այդ հարաբերությունները, նաև նրանով, որ ինքը կառավարության իմիտացիա է։

-Իսկ ո՞վքեր են այն մարդիկ, ովքեր կկարողանան շտկել այս իրավիճակը։ Համարձակություն կունենա՞ն դա անել այս իրավիճակում, երբ իշխանության գալը նշանակում պատասխանատվության մեծ բեռ վերցնել, որի տակից հայտնի չէ՝ դուրս կգա՞ն, թե՞ ոչ։

-Ոչ մի երաշխիք չկա այս կյանքում, և ասել վստահաբար, որ մեզ մոտ, եթե նույնիսկ իրենք գնան, կգա կառավարություն, որն ամեն ինչ կհաջողի։ Բայց փորձել պետք է։ Նորից եմ ասում՝ սա գուցե մեր վերջին շանսն է։ Պետք է իրատես լինել՝ մենք կրակի հետ ենք խաղում։ Մենք եկել հասել ենք նրան, որ հրդեհը եկել հասել է մեր տունը։ Եթե մենք ոչինչ չձեռնարկենք, տունն այրվելու է, և այդ ժամանակ արդեն ոչ մի բան հնարավոր չի լինի անել։ Ո՞վ կլինեն այդ մարդիկ։ Ինձ թվում է կլինեն այն մարդիկ, ովքեր պատասխանատվության բեռը չեն վախենա վերցնել իրենց վրա՝ ամեն մեկն, իհարկե, իր ոլորտում։ Ես չեմ կարծում, որ մեզ նորից պետք է վարչապետ, մի հոգի, որ այդ պայմանական փրկիչը կլինի։

 

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը