
Հայաստանը ներքաշվեց խորքային խնդիրների մեջ Իրանի և ՌԴ-ի հետ. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Ի՞նչ ստացավ Ադրբեջանը Վաշինգտոնի եռակողմ բանակցություններից.
- ստացավ ՀՀ համաձայնությունը` լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրանով փորձելով արձանագրել, որ ԼՂՀ հակամարտություն գոյություն չունի,
- կասեցվեց Ադրբեջանի դեմ գործող 907-րդ բանաձեւը, որը սահմանափակում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օժանդակությունը,
- Հայաստանը պարտավորվեց իր տարածքով ապահովել անխոչընդոտ կապ Ադրբեջանի և Նախիջևանի միջև և դրանով «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը մտավ միջազգային օրակարգ։
Ի՞նչ չստացավ Հայաստանը.
- Ադրբեջանի զորքերը դուրս չբերվեցին ՀՀ ինքնիշխան տարածքից,
- գերիները շարունակելու են մնալ պատանդառված Բաքվի բանտերում,
- արցախահայերի վերադարձի հարցը չշոշափվեց, ավելին, Փաշինյանը հերթական անգամ լեգիտիմացրեց Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը։
Այս ամենի դիմաց Հայաստանը ստացավ.
- մինչ այս պահը գաղտնի պահվող, նախապայմաններով ու շանտաժներով լեցուն «Խաղաղության» պայմանագրի նախաստորագրում, Թրամփի խոստում. եթե խնդիրներ ունենաք զանգեք, կլուծեմ,
- Հայաստանը ներքաշվեց խորքային խնդիրների մեջ Իրանի և ՌԴ-ի հետ՝ իրենց բոլոր հետևանքներով։
Ի՞նչ ստացավ Նիկոլ Փաշինյանը.
- ժողովրդին կրկին խաբելու, «խաղաղության» և «իրական Հայաստան» թեզերով կերակրելով՝ իր վերարտադրությունը ապահովելու հնարավորություն։
Այժմ անելիքների մասին
Փաստ է, որ Ադրբեջանը նոր զիջումներով չի բավարարվել, ստորագրումից անմիջապես հետո առաջ է քաշում ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը, իսկ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն։
Ուստի, Վաշինգտոնի գագաթնաժողովով գործընթացը չի ավարտվել, սա ընդամենը սկիզբն է, ամեն ինչ դեռ առջևում է։
Հուսալքությունը թշնամական օրակարգ է, պայքարից հրաժարվելը կամ համակերպվելը` երաշխավորված կործանում։
Ուրեմն, ներընդդիմադիր դաշտում մեղավորներ փնտրելու ,իրար վրա ցեխ շպրտելու փոխարեն պետք է գրագետ և հետևողական աշխատել մեր ժողովրդի հետ, ներկայացնել իրականությունը և թույլ չտալ, որ ՔՊ-ական խունտան իր հերթական դավաճանությունը ժողովրդին մատուցի իբրև ձեռքբերում:
Երեկ ստորագրված փաստաթղթերը չունեն վերջնական իրավական ուժ, Փաշինյանի վերարտադրությունը կանխելու և ՀՀ Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալու միջոցով մենք կարող ենք խուսափել սպասվող աղետից:
Ուստի, դա պետք է լինի առաջիկայում ազգային ուժերի հիմնական օրակարգը»։