15 Օգս
2025
25.2° c ԵՐԵՎԱՆ
20.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի ուղղությամբ դիրքային առաջխաղացում է իրականացրել. Sputnik Armenia

Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի ուղղությամբ դիրքային առաջխաղացում է իրականացրել. Sputnik Armenia

Ադրբեջանական զինուժը Ջերմուկի ուղղությամբ սահմանային հատվածում նոր դիրքեր է տեղակայել․ գրում է Sputnik Armenia-ն։

Վերջին շաբաթներին մամուլում տեղեկություններ էին հայտնվել Ջերմուկի հատվածում Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացման, դիրքային ակտիվության մասին: Մասնավորապես yerkir.am–ը գրել էր, որ ադրբեջանական զինուժը հուլիսին հայկական դիրք է գրավել Ջերմուկի հատվածում։ Լրատվամիջոցը նշել էր, որ «չպահվող դիրք» է եղել՝ բարձունք և գրեթե մոտ Ջերմուկ քաղաքին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը, պատասխանելով ԶԼՄ–ի հարցին, ասել էր, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Փաստինֆո» գործակալությունն իր հերթին գրել էր, թե ահազանգեր է ստացել, որ Ջերմուկի հայկական դիրքերում զորքերի հետքաշմանը բնորոշ շարժ է նկատվում։ ՊՆ-ն հերքել էր նաև այդ լուրը։

Sputnik Արմենիան ևս տվյալներ էր ստացել, որ ադրբեջանական ԶՈւ-ն առաջ է շարժվել «չեզոք գոտում»՝ միջդիրքային տարածքում` առանց հստակեցման, թե կոնկրետ որ հատվածում։

Այս առնչությամբ գործակալությունը հարցում է ուղարկել ՀՀ ՊՆ` հետաքրքրվելով` առաջխաղացում եղե՞լ է հենց «չեզոք» գոտում, ե՞րբ է տեղի ունեցել առաջխաղացումը, քանի՞ մետր է ադրբեջանական զինուժը առաջ շարժվել մոտակա դիրքից։ Նաև խնդրել էինք հայտնել նոր տեղակայման կոորդինատները:

Գերատեսչությունից պատասխանել են, որ նշված հարցերի վերաբերյալ արդեն հնչել է պաշտոնական մեկնաբանություն։

«Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ նշված հատվածում առաջխաղացման մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը», – ասված է ՊՆ–ի պատասխանում:

Գործակալությունից ուսումնասիրել են արբանյակային կադրերը և պարզել, որ որոշակի տեղաշարժ, այնուամենայնիվ, եղել է: Ադրբեջանի ԶՈւ-ն դիրքային առաջխաղացում է իրականացրել Մեծ և Փոքր Ալ լճերից դեպի հարավ և Ջերմուկից դեպի հյուսիս սահմանային հատվածում։

Արբանյակային լուսանկարներում երևում է, որ ադրբեջանական մի քանի նոր դիրքեր են ի հայտ եկել (նշված է կարմիրով)։ Ադրբեջանական զինուժն ինժեներական աշխատանքներ է իրականացրել հուլիսի 20-ից։

Ըստ ամենայնի, որպես պատասխան քայլ ՀՀ ԶՈւ-ն նույնպես մի քանի նոր դիրք է տեղակայել (նշված է կանաչով):

Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի ուղղությամբ դիրքային առաջխաղացում է իրականացրել. Sputnik Armenia

Հատկանշական է, որ հենց այդ նույն ժամանակահատվածում այդ տեղամասում ադրբեջանական ԱԹՍ է արձանագրվել Flightradar24 ծառայության միջոցով (նման բան նախկինում չի նկատվել): ԱԹՍ–ի հայտնվելը, ամենայն հավանականությամբ, կապված է հենց նոր դիրքերի տեղակայման հետ։

Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի ուղղությամբ դիրքային առաջխաղացում է իրականացրել. Sputnik Armenia

Ռազմագերիներ