
Թրամփը հավաստիացրել է, որ 907-րդ բանաձևի կասեցումը չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով
Հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հուշագրի տեքստը՝ Ադրբեջանի նկատմամբ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցման վերաբերյալ․
«Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ և օրենքներով ինձ՝ որպես նախագահի, տրված լիազորություններով, ներառյալ՝ 2002 թվականի՝ «Արտաքին գործառնությունների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքի II գլուխով (Հանրային օրենք 107-115), ես սույնով որոշում և հավաստում եմ, որ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցումը Ադրբեջանի նկատմամբ՝
- անհրաժեշտ է աջակցելու Միացյալ Նահանգների ջանքերին՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու համար,
- անհրաժեշտ է աջակցելու Միացյալ Նահանգների զինված ուժերի կամ կոալիցիոն գործընկերների՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու համար գործառնական պատրաստվածությանը,
- կարևոր է Ադրբեջանի սահմանային անվտանգության համար
- չի խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերը կամ չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով։
Համապատասխանաբար, ես սույնով երկարաձգում եմ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժնի ժամանակավոր դադարեցման ժամկետը»։
907-րդ բանաձևը «Ազատության աջակցման ակտի» մաս է։ Բանաձևը սահմանափակում էր ԱՄՆ-ի կողմից ուղղակի օգնության ցուցաբերումն Ադրբեջանին, քանի դեռ Բաքուն չի դադարեցրել ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ։