Այս սեզոնին ԵԱՏՄ տարածքում նոր համավարակ չի սպասվում, քանի որ դրա համար պետք է վիրուսի նոր տեսակ առաջանա, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն։
«Այսօր կարող եմ ասել, որ այս սեզոնին համավարակ չենք ակնկալում, քանի որ նոր համավարակի գալու համար անհրաժեշտ է նոր կորոնավիրուսային վիրուս։ Այս ամենը սկզբնական վիրուսի տատանումներն են, որը հայտնվել է 2019 թվականին՝ Ուհանում․ այն սկզբում իրեն դրսևորել է Միացյալ Նահանգներում, իսկ հետո տարածվել ամբողջ աշխարհում», – ասել Է Օնիշչենկոն տեսակամուրջի ժամանակ։
Նա հավելել է, որ օմիկրոն շտամի բոլոր ածանցյալները, որոնք այսօր կան և ամեն անգամ փոփոխվում են, ըստ գիտական տվյալների և ունեցած փորձի, այլևս չեն հանգեցնի համաճարակային տարածման: Մինչդեռ, ըստ ակադեմիկոսի, ԵԱՏՄ անդամ երկրներին պատվաստանյութերով ապահովելու հարցում միասնական մոտեցում է պետք։
Նրա խոսքով՝ Արևմուտքն ամեն կերպ փորձում է տարանջատել նախկին խորհրդային հանրապետությունները։ Այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործակալների միջոցով, որոնք 1990-ականներին քննադատում էին խորհրդային, ռուսական պատվաստանյութերը և առաջ մղում համապատասխան եվրոպական և ամերիկյան արտադրանքը։
Ինչ վերաբերում է «Մարբուրգ» հեմոռագիկ տենդին, որի բռնկումները Եվրոպայում գրանցվել են այս ամիս, Օնիշչենկոն ընդգծել է, որ տվյալ վարակի տարածվածության աստիճանը և համաճարակաբանական ներուժը Ռուսաստանի համար էական չեն, քանի որ վիրուսը չի հասցնում մեծ թվով մարդկանց փոխանցվել իր բարձր վիրուսայնության պատճառով: