16 Օգս
2025
24.2° c ԵՐԵՎԱՆ
18.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-Բրիտանիա․ համատեղ հայտարարություն Ուկրաինայի մասին

ԵՄ-Բրիտանիա․ համատեղ հայտարարություն Ուկրաինայի մասին

Այսօր առավոտյան նախագահ Դոնալդ Թրամփը զեկուցել է մեզ և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին իր՝ ռուսաստանյան նախագահի հետ Ալյասկայում օգոստոսի 15-ին կայացած հանդիպման արդյունքների մասին. համատեղ հայտարարություն են տարածել ԵՄ և Մեծ Բրիտանիայի առաջնորդները։

Եվրոպական առաջնորդները ողջունել են Թրամփի ջանքերը՝ կանգնեցնելու Ուկրաինայում սպանությունները, դադարեցնելու Ռուսաստանի ագրեսիայի պատերազմը և հասնելու արդար ու կայուն խաղաղության։

«Գործարք չկա, քանի դեռ գործարք չկա»,- ասել է նախագահ Թրամփը։

Նրա պատկերացմամբ հաջորդ քայլերը պետք է լինեն հետագա բանակցությունները, այդ թվում՝ նախագահ Զելենսկիի հետ, որի հետ նա շուտով կհանդիպի։

Հանդիպմանը եղել է նաև պատրաստակամություն՝ համատեղ աշխատել Թրամփի և Զելենսկիի հետ՝ եվրոպական աջակցությամբ կազմակերպելու եռակողմ գագաթնաժողով։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինան պետք է ունենա ամուր անվտանգության երաշխիքներ՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն արդյունավետորեն պաշտպանելու համար։

Ընդունվում է Թրամփի հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն պատրաստ է տրամադրել անվտանգության երաշխիքներ։ Նշվում է, որ «Կամքի կոալիցիան» պատրաստ է ակտիվ դեր ունենալու։ Միաժամանակ ընդգծվում է, որ սահմանափակումներ չպետք է դրվեն Ուկրաինայի զինված ուժերի վրա կամ նրա՝ երրորդ երկրների հետ գործակցության։ Ռուսաստանը չի կարող վետո ունենալ Ուկրաինայի ԵՄ և ՆԱՏՕ անդամակցության ուղու վրա։

Ընդգծվում է նաև, որ Ուկրաինային է պատկանում որոշում կայացնելու իրավունքը իր տարածքների վերաբերյալ, իսկ միջազգային սահմանները չեն կարող փոխվել ուժի կիրառմամբ։

ԵՄ առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինային՝ ընդգծելով, որ շարունակելու են անել ավելին, որպեսզի Ուկրաինան պահպանի իր ուժը և հնարավոր լինի դադարեցնել մարտական գործողությունները՝ հասնելով արդար և կայուն խաղաղության։

«Քանի դեռ Ուկրաինայում շարունակվում են սպանությունները, մենք պատրաստ ենք պահպանել ճնշումը Ռուսաստանի վրա։ Կշարունակենք խստացնել պատժամիջոցները և ընդլայնված տնտեսական միջոցները՝ ճնշում գործադրելու Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա, մինչև ձեռք բերվի արդար ու կայուն խաղաղություն։ Ուկրաինան կարող է վստահ լինել մեր անխախտ համերաշխության վրա, քանի դեռ մենք աշխատում ենք խաղաղության համար, որը կապահովի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրոպայի կենսական անվտանգության շահերը», – ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ