26 Հուլ
2025
32.4° c ԵՐԵՎԱՆ
23.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՊԵԿ երկու պաշտոնատար անձի մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար

ՊԵԿ երկու պաշտոնատար անձի մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար

ՀՀ ՊԵԿ ստորաբաժանումներից մեկի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կաշառք է ստացել բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից, հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան. հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2024 թվականից ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ծանոթանալով և մտերիմ հարաբերություններ հաստատելով բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողի հետ, վերջինիս հետ եկել է հանցավոր համաձայնության՝ կաշառքի դիմաց 2024-2025 թթ. ընթացքում ՀՀ ներկրված բեռների մաքսային ձևակերպումների ընթացքում նույնանման ապրանքները ցածր արժեքով մաքսազերծելու, հարկերը պակաս հաշվարկելու, ներմուծող տնտեսվարողներին ոչ հասանելի անհրաժեշտ տվյալներ տրամադրելու և հովանավորչության շուրջ:

Արդյունքում՝ հիշյալ պաշտոնյան 2024 թվականի նոյեմբերի 23-ին բրոքերային ծառայություններ մատուցող անձից կաշառք է ստացել:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ նույն ստորաբաժանման ավագ մաքսային տեսուչը վերը նշված պաշտոնատար անձի գիտությամբ և հրահանգով 2024-2025 թվականներին ՀՀ ներկրված բեռները կրկին ցածր արժեքով մաքսազերծելու և հովանավորչության համար բրոքերային ծառայություններ մատուցող նույն տնտեսվարողից ստացել է կաշառք: 

Կաշառք ստանալու համար ՊԵԿ երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանց կաշառք տալու համար բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): 

ՊԵԿ ստորաբաժանման պետի տեղակալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ տնտեսվարողի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ռազմագերիներ