
ԵԽ-ն դատապարտում է հայ պատանդների անարդարացի կալանավորումը Բաքվում և պահանջում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում
Այսօր Եվրախորհրդարանում տեղի կունենա Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի կալանավորման և կեղծ դատավարությունների վերաբերյալ բանաձևի քվեարկություն: Բանաձևը կազմվել է հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ ԵԽ նախկին բանաձևերը և Կանոնակարգի 150(5) և 136(4) կանոնները: Ինչպես նշվել է, Ադրբեջանում կալանավորված են 23 հայ պատանդներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին դե ֆակտո պաշտոնյաներ և ռազմագերիներ՝ ձերբկալված 2020 թվականի պատերազմի և դրան հաջորդած էթնիկ զտումների ժամանակ: Նրանք ենթարկվում են կեղծ դատավարությունների՝ լուրջ մեղադրանքներով, ինչը կարող է հանգեցնել անօրինական ցմահ ազատազրկման:
Բանաձևում հաշվի է առնվել, որ այս պատանդները ենթարկվում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, այդ թվում՝ արգելված հոգեակտիվ մեթոդների միջոցով: Նանց իրավունքները չեն հարգվում՝ ներառյալ անկախ փաստաբանների և թարգմանիչների հասանելիությունը և բողոքարկելու, ընտանեկան տեսակցություններ ստանալու և առողջական նկատառումներով կասեցման հնարավորությունը, ինչն Ադրբեջանի կողմից բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ միջազգային պարտավորությունների համակարգված խախտում է:
Ընդգծվել է, որ Ռուբեն Վարդանյանը հացադուլի մեջ է, և նրա առողջական վիճակը կտրուկ վատանում է: Մյուս պատանդների առողջական վիճակը նույնպես տեսանելիորեն վատանում է: Բանաձև դատապարտում է հայ պատանդների անարդարացի կալանավորումը և պահանջում է նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում: Այն նաև խստորեն դատապարտում է շարունակվող կեղծ դատավարությունները և հայ պատանդների հիմնարար իրավունքների սիստեմատիկ խախտումները, և կոչ է անում Ադրբեջանին լիովին հարգել նրանց արդար դատավարության իրավունքը և ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան բժիշկների հասանելիություն՝ ակնկալելով անկախ հետաքննություն իրենց վատ վերաբերմունքի վերաբերյալ: Հեղինակները խորը մտահոգություն են հայտնում Բաքվի իշխանությունների՝ ԿԽՄԿ–ի և ՄԱԿ–ի գործակալությունների գրասենյակները փակելու հրամանի առնչությամբ՝ խոչընդոտելով թե՛ հայ բանտարկյալներին աջակցելուն, թե՛ մարդասիրական վերահսկողությանը, և կոչ են անում իշխանություններին վերանայել իրենց դիրքորոշումը:
Կոչ է արվել նաև Ադրբեջանում ԵՄ–ի և անդամ պետությունների դեսպանատներին հետևել դատավարություններին և կանոնավոր այցելել բոլոր հայ պատանդներին: Հեղինակների խոսքով՝ անհրաժեշտ է մարդու իրավունքները խախտող Ադրբեջանի բոլոր առաջնորդների և պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառել՝ Մարդու իրավունքների գլոբալ սանկցիաների ռեժիմի շրջանակներում: Բանաձևում ընդգծվել է, որ Միջազգային քրեական դատարանը պետք է հետաքննի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման, հալածանքների և էթնիկ զտումների գործերը:
Այն կոչ է անում լիովին կատարել Արդարադատության միջազգային դատարանի կողմից արձակված բոլոր հրամանները, ներառյալ 2020 թվականի պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր անձանց բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանելու Ադրբեջանի պարտավորությունը: ԵԽ–ն կրկնում է իր վճռական կոչը՝ կասեցնելու էներգետիկայի ոլորտում 2022 թվականի ԵՄ–Ադրբեջան փոխըմբռնման հուշագիրը: Բանաձևը պնդում է, որ ԵՄ–ի և Ադրբեջանի միջև ապագա գործընկերության համաձայնագիրը պայմանավորվի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմամբ, երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմամբ և Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ վերադարձի իրավունքը հարգելը, անտեղի չհետաձգելով: