ABCMEDIA
Եթե Թումանյանի «Անուշը» լիներ անգլալեզու, վաղուց թատրոնում «Ռոմեո և Ջուլիետ» չէին խաղա

Եթե Թումանյանի «Անուշը» լիներ անգլալեզու, վաղուց թատրոնում «Ռոմեո և Ջուլիետ» չէին խաղա

ABC ինտերվյուի հյուրը բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանն է։ Դավիթ Հակոբյանի մտահոգությունները հիմնականում վերաբերվում են Հայաստանին և նրա շուրջ ստեղծված իրավիճակին։ Դերասանի համոզմամբ՝ պատերազմները երբեք չեն ավարտում, այժմ ստեղծված իրավիճակի լրջությունը կայանում է նրանում, որ մեր ժողովուրդը կորցրել է ինքնապաշտպանության կոդը և ուզում է պարզապես հանգիստ ապրել։

 

-Որոնք են դերասանի մասնագիտության առանձնահատկությունները։

-Ոչ մի մասնագետի, իր հաջողության, իր գործունեության պիկին այնքան չեն փառաբանում, սիրում, նրանով հիանում, տարվում, ֆանատն են դառնում, ինչպես դերասանի դեպքում։ Ոչ մի մասնագետի իր պիկից մի քանի ժամ հետո ավելի արագ չեն մոռանում, որքան դերասանին․ այսօր ո՞վ է հիշում Խորեն Աբրահամյանին։

 

-Բայց ֆիլմեր և ներկայացումներ կան, որոնք հիշեցնում են իր մասին։

-Ես իմ ուսանողներին հարցնում եմ երբեմն, պարզվում է՝ այդ ֆիլմերը չեն էլ նայում։ Իրենց ռիթմը չէ, ես պարտադրում եմ, որ նայեն, որովհետև իրենց մասնագիտությունն է դա։ Ո՞վ է հիշում Վահրամ Փափազյանին՝ այդ հանճարեղ մարդուն։

 

-Իսկ Դուք Խորեն Աբրահամյանի ներկայացումներից ո՞րն եք ամենշատը սիրում, որի՞ց եք ամենաշատը տպավորվել։

-Բարեբախտաբար շատ բան եմ նայել իրենից, բայց ամենամեծ հաճույքը ստացել եմ Կորիոլանի դերակատարումից։ Կորիոլանը մի քանի անգամ եմ նայել։ Ինքն իր դարաշրջանի մեծագույն դերասաններից մեկն էր։ Խորեն Աբրահամյանը համաշխարհային մակարդակի դերասան էր՝ պարզապես Հոլիվուդում չէր և անգլախոս չէր։ Եթե, օրինակ՝ Հովհաննես Թումանյանի «Անուշը» լիներ անգլալեզու, վաղուց թատրոններում «Ռոմեո և Ջուլիետ» չէին խաղա՝ կխաղային «Անուշ», որովհետև «Ռոմեո և Ջուլիետը» վերջին հաշվով լուրջ խնդիր չունի․ երկու ընտանիք իրար չեն սիրում, չեն էլ հիշում արդեն, թե ինչի համար չեն սիրում, արդյունքում նրանց երիտասարդների հետ ողբերգություն է տեղի ունենում։ Թումանյանի «Անուշը» դրա մասին չէ․ ոչ-ոք չի ատում իրար, բոլորը գիտեն, որ Անուշը Սարոյի սիրած աղջիկն է, եղբայրն էլ գիտի և համբերատար սպասում են, երբ պիտի ամուսնանա զույգը։ Սարոն խախտում է սովորույթը՝ էլ իրեն փրկություն չկա, նա դատապարտված է։ Անուշը մարդու ազատության, կնոջ էմանսիպացիայի մասին է, բայց ե՞րբ՝ 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ։

 

-Վերջերս լսում եմ կարծիքներ, որ երկրում ստեղծված իրադրության մեղավորը մենք չենք, որ մեզանից ոչինչ կախված չէ, պարզապես գեոպոլոիտիկ իրավիճակն է փոխվել և այլն։ Դուք համաձա՞յն եք նման կարծիքի հետ։

-Ես վերջերս շատ եմ կարդում պատմական նյութեր։ Վերջին հաշվով, երբ կարդում եմ, ոչինչ չի փոխվել՝ գեոպոլիտիկ վիճակը միշտ մեր դեմ է եղել։ 16-րդ դարից սկսած թուրք-սելջուկները վերջնականապես հաստատվեցին այս տարածաշրջանում՝ կործանելով ամեն ինչ՝ նույնիսկ քաղաքակրթություններ.․․ Եկեք անկեղծ լինենք, ե՞րբ ենք մենք, որևէ դարաշրջանում թուրքից ուժեղ եղել։ Ազնիվ լինենք, մինչև ազնիվ չլինենք, չենք հասկանա՝ ելքը որտեղ է։ Ոչ, մենք ուժեղ չենք վերջին հաշվով, եթե էդպես է։ Անընդհատ կրկնում են․ Սարդարապատ հաղթեցինք, դա ընդամենը ճակատամարտ էր, ոչ թե պատերազմ։ Ու հետո խորապես սկսում ենք հավատալ, որ հաղթեցինք պատերազմը։ Հետո էլ թե 1994 թ․ հաղթեցինք պատերազմը․ պատերազմը չենք հաղթել, ճակատամարտն ենք հաղթել ու նորից խորապես հավատացել ենք, որ պատերազմն ենք հաղթել։

 

-Ի վերջո 1994 թվականին զինադադար է եղել։

-Եվ ընդհանրապես, պատմության մեջ պատերազմները երբեք չեն ավարտվում։ Իմ թոռից սկսած՝ մինչև իմ պապի հայրը պատերազմ են տեսել։

 

-Մի անգամ հարցազրույցներից մեկում ասացիք, որ պատերազմ սկսվեց, որովհետև սերը բացակայում էր, կամ քիչ էր մեզ մոտ։ Արդյո՞ք հիմա այնքան սեր կա, որ պատերազմ չսկսվի։

-Կա մի ճշմարտություն․ երկու երկիր պատերազմում են իրար դեմ, մեկը հաղթում է ենթադրենք և մյուս երկրից տարածքներ գրավում․․․ Հաղթող ժողովուրդն այդ պարագայում չի լքում իր երկիրը։ 1994 թ․ գիտե՞ք ինչ արտագաղթ եղավ (արդեն զինադադար էր)՝ հզոր արտագաղթ․․․Մի քանի տարի հետո, երբ մի քիչ ողնաշարն ուղղեց երկիրը, առաջին լուրջ ներգաղթը եղավ, դրանից հետո լուրջ ներգաղթ մենք չենք ունեցել։ Բա սա սիրո պակաս չի՞։ Եթե դու երկիր ես ազատագրել, ինչո՞ւ չես ապրում այդ երկրում։

 

-Իսկ ինչպե՞ս են սիրում երկիրը։ Ինչպե՞ս է այդ սերը ձևավորվում և ինչպե՞ս օգնենք, որ ձևավորվի։

-Ըհը, եկանք ամենակարևոր հարցին։ Կրթությունը ամենակարևորն է այս պարագայում, բայց այն պետք չէ շփոթել գրագիտության։ Գրագիտական դաշտը ուրիշ բան է։ Աշխարհի բոլոր չարիքները լավագույն համասարաններն ավարտած սրիկաների ձեռքով է կատարվում։ Ի՞նչ է, անգրագե՞տ են նրանք, ո՛չ, բայց անկիրթ են։ Կիրթ մարդը չի կարող մարդ կոտորել, կիրթ մարդը չի կարող ուրիշինը խլել, չի կարող, կիրթ մարդը չի կարող դժբախտություն սփռել։ Կրթությունը սկսվում է սաղմի ձևավորումից։ Սաղմը լսում է այն ամենը՝ ինչ լսում է մայրը։ Սաղմը ապրում է այն բոլոր հույզերով, ինչով ապրում է մայրը։ Սաղմը ապրում է բոլոր այն վախերը՝ ինչով ապրում է մայրը։ Սաղմը ապրում է բոլոր այն հրաշք զգացողությունները՝ ինչով ապրում է մայրը։

 

-Պարո՛ն Հակոբյան, եթե պատկերացնենք, որ Հայաստանը կանգնած է խաչմերուկում և իր առջև ընտրության մի քանի ճանապարհ կա, ո՞ր ճանապարհով պետք է գնա Հայաստանը հիմա։

-Միշտ պետք է աջ գնալ։ Աջ նշանակում է ճիշտ, ուղիղ։ Հին գրաբարում աջ նշանակել է ուղիղ։ Գրաբարում ասվում էր․ խնդրիր և պիտի տրվի․ դա նշանակում էր փնտրիր և պիտի տրվի․․․Մենք նույնիսկ Աստվածաշունչը չենք հասկանում։ Մենք կարգին քրիստոնյա էլ չդարձանք։ Ինձ ասում են՝ մենք քրիստոնեությունը ընդունեցինք, դրա համար խեղճացանք, խեղճություն է սովորեցնում Քրիստոսը, խեղճի կրոն է։ Ասում եմ՝ գերմանացին ինչո՞ւ չխեղճացավ, անգլիացին չխեղճացավ, ֆրանսիացին չխեղճացավ, ռուսը չխեղճացավ, հենց մենք ենք խեղճացել։

 

-Իսկ ինչո՞ւ խեղճացանք։

-Որովհետև չենք հասկանում՝ ի՞նչ է ասում այդ կրոնը։ Եվ լավ էլ քամահրանք ունենք այն տարածողների նկատմամբ, բայց աղանդավորների նկատմամբ՝ ոչ։

 

 

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը: